Monday, February 15, 2010

Կումբա-Կումբայի ուրախ պատմությունը

Կումբա-Կումբայի ուրախ պատմությունը

Լինում է, չի լինում` մի Կումբա-Կումբա երկիր է լինում` իր Հուիհընհընըմշչուկ առաջնորդով: Մի օր այս առաջնորդը որոշում է, որ պետք է իրեն երկրպագեն իր Կումբայի բոլոր ազգերը, լեզուներն ու ժողովուրդները: Որոշում է ու գրում հրովարտակ.

"Ես` Հուիհընհընըմշչուկ Առաջինս, արգելում եմ պաշտել գրի ու գրականության, կայծակի, ջրի, պատերազմի, գրի ու գրականության և մնացած բոլոր աստվածներին, ինչպես նաև գրի ու գրականության աստվածներին, և եթե հանկարծ մեկն իմ թագաթագավորության* ազգերից, լեզուներից ու ժողովուրդներից պաշտի դրանց, ինչպես նաև գրի ու գրականության աստվածներին, ես նրան կարտաքսքսեմ* դուրս":

Նա հատկապես ատում էր գրի ու գրականության աստծուն, որովհետև այդ աստծու քրմերն ու անձամբ ինքը` քրմապետը, թագավորի գրածները հաճախ կարմիր արյունով գրող փետրագրիչով ուղղում էին: Դե ինքն էլ հետ էր ուղղում այդ կարմիր ուղղումները կապտաթույր թանաքով գրող գրիչով, ու արդյունքում ստացվում էր անընթեռնելի մի ձեռագիր, որն անկարելի էր լինում պատճենել գունավոր արտաքսաքսերոքսային չապարատով, ու ստիպված թագավորության չարխիվ էր հանձնվում մի գրություն, որ բազում-բազում ուղղում-հետուղղումներով էր զարդարված լինում:

Այս վերջին հրովարտակը բնականաբար, հալած յուղի պես ընդունվում է թագավորությունում, և Հուին պաշտվում է այդ գեղեցիկ ու <գյոզալական> Կումբա-Կումբա երկրում: Նույնիսկ հարևան թագավորություններից են գալիս ու սկսում երկրպագել այս տասնամեծար միապետին:

Ոգևորվելով իր փառքից` այս թագավորը սկսում է հրաշքներ գործել. ստեղծում է #000000 ընտանիքի գույները` իրենց բոլոր նրբերանգներով, ընդհուպ մինչև #ffffff գույնի ընտանիքը, ստեղծում է քառակերպ կապտաթույր երկինք և այլն: Վկայություն կա, թե հարևան թագավորությունից լրտեսներ էին ուղարկվում Կումբա-Կումբա` գույների կոդերը գտնելու և գողանալու համար: Ժամանակակիցները պատմում են, որ նրան են վերագրվում շատ ու շատ գյուտեր ու հայտնագործություններ:

Մի խաղաղ ու գեղեցիկ օր այս թագավորը բնական կարիք է ունենում (ինչպես սովորաբար ունենում էր խաղաղ ու գեղեցիկ օրերին) ու որոշում է գնալ իր թագավորության այն միայնատնակը, ուր նույնիսկ թագավորներն են մենակ գնում: Բայց վախենալով, որ իր բացակայության րոպեներին իր ժողովուրդը կսկսի վերադառնալ հին աստվածներին, ապստամբություն կբարձրացնի, կգոռա <Հո՜ւ-ի՜, մարդա-սպա՜ն, Հո՜ւ-ի՜, մարդա-սպա՜ն> անմիջապես (նա շատ խելացի էր ու արագ էր գործում) իր նման մի ՀուիհընհընըմշՉուկի արձան է ձուլել տալիս և կանգնեցնում իր գահի առաջ, որ ժողովուրդները դրան երկրպագեն, մինչև ինքը գա:

Պատմագիրը գրում է այս մասին.

"Իր թագաւորութեան տասնութերորդ տարում արքայն ՀուիհընհընըմշՉուկն մի ոսկեայ արձան կանգնեցրեց, որի բարձրութիւնը վաթսուն կանգուն էր, լայնութիւնը` վեց, եւ այն կանգնեցրեց կումբացիների երկրում, Դեկադեոս եռագույն դաշտում: Նա հրամայեց հաւաքել զօրավարներին, զօրագլուխներին եւ կուսակալներին, պետերին, իշխանաւորներին, գործակալներին եւ գաւառների բոլոր իշխաններին` պաշտելու և հսկելու, մինչ ինքը գար"

Եվ այսպես, նա մտնում է այդ տնակը, իր անելիքն անում ու դուրս գալիս` առանց նկատելու, որ իր բնական կարիքից մի կաթիլ է կաթել իր արքենի մույկի` վագրի կաշվից պատրաստված երեսի վրա:

Մոտերքում էր ցատկոտում բնական կարիք սիրող ճանճաճանճը, որը պատերազմի աստծու արբանյակն էր Կումբա-Կումբայում....

*Հուին հաճախ տառասխալներով էր գրում իր հրովարտակները ու չէր ընդունում իր մեծն իմաստունների ուղղումները:

շարունակելի

No comments:

Post a Comment